Անուշ Ալավերդյան
Գլխավոր բժշկի տեղակալ թերապևտիկ ծառայությունների գծով
Ներքին հիվանդությունների կլինիկայի թերապևտիկ բաժանմունքի թոքաբան

Հարգելի քաղաքացիներ,
Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի ներքին հիվանդությունների կլինիկան, որի կազմում գործում են ընդհանուր թերապևտիկ և ներզատաբանական բաժանմունքները։ Ինչպես գիտեք թերապիան եղել և մնում է բժշկագիտության «թագուհին»։ Առանց տեսական գիտելիքների, առանց թերապիայի բժշկագիտությունը չէր գրանցի այն հաջողությունները, որոնք այսօր գրանցել է։ Թերապիան ամեն ինչի ակնունքն է՝ թոքաբանությունը, ներզատաբանությունը, ռևմատոլոգիան… Այս շարքն անվերջ կարելի է թվել։ Չէ՞ որ բոլոր ժամանակակից նեղ մասնագիտությունները սկիզբ են առել՝ կարելի է ասել «պոկվել» են մայր–թերապիայից ու յուրաքանչյուր նեղ մասնագետ առաջին հերթին թերապևտ է։ Ես երջանիկ եմ շարունակել մեր ուսուցիչների բարի գործը, քանի որ նախկին «8-րդ կլինիկական հիվանդանոցը» եղել է ժամանակակից հայկական բժշկագիտության, այդ թվում՝ թերապիայի օրրանը։ Այժմ՝ վերածնված «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոն անվան ներքո մենք պետք է շարունակենք ստեղծագործել, արարել ու կյանքի կոչել բոլոր համարձակ ծրագրերը։ Դա է պատճառը, որ բժշկական կենտրոնի ղեկավարությունն անընդմեջ ներդնում է նոր ծառայություններ և արդիականացնում գործող ծառայությունները։ «Քովիդ-19» համավարակը կարծես լուրջ ահազանգ լիներ ամբողջ աշխարհին, հատկապես այն երկրներին, որտեղ թերապևտիկ մասնագիտությունները և բուն թերապիան կարելի է ասել մղվել էին հետին պլան։ Այս երկու ծանրագույն տարիները բավական էին, որպեսզի առողջապահության կազմակերպիչները և աշխարհը ևս մեկ անգամ համոզվեն. առանց թերապևտիկ բաժանմունքների և թերապևտների անզոր ենք։ Եվ ուրեմն, բոլորս ի գործ՝ հանուն առողջության։
Անմնացորդ նվիրումով՝
Անուշ Ալավերդյան: