Հուլիս ամսին նշվում էր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը, նպատակ ունենալով բնակչության շրջանում բարձրացնել ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ վիրուսային հեպատիտների, վիրուսի փոխանցման և բարդությունների վերաբերյալ:
. Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի համաճարականաբական ծառայությունների գծով տեղակալ, համաճարակաբան, Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների կանխարգելման հարցերով ազգային մասնագիտական խորհրդի անդամ Սուսաննա Աղայանը խոսել է Հեպատիտի, դրա ենթատեսակների և հնարավոր բուժման եղանակների մասին:
. Ի՞նչ է իրենից ներկայացնում վիրուսային հեպատիտը և դրա A, B, C, D և E ենթատեսակներն ինչո՞վ են առանձնանում: Ո՞րն է դրանցից ավելի հաճախ հանդիպողը:
Եթե 2021թ.–ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարգախոսն էր՝ «Հեպատիտը չի կարող սպասել» , ապա 2022-ի նոր կարգախոսը դարձավ «Հեպատիտի բուժումը դարձրեք Ձեզ ավելի մոտ»։ Վիրուսային հեպատիտը հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է լյարդը և կարող է առաջացնել մի շարք առողջական խնդիրներ, ինչպես նաև ունենալ մահացու ելք: Այսօր հայտնի են հեպատիտի վիրուսի հինգ հիմնական շտամներ, որոնք կոչվում են A, B, C, D և E տեսակներ:
Աշխարհում կա հեպատիտների 500 միլիոն վիրուսակիր։ Սա ավելի է, քան ՄԻԱՎ-ով վարակվածները և քաղցկեղի բոլոր տեսակներով հիվանդները միասին վերցրած։ Ընդ որում ՝ 350 միլիոն մարդ վարակված է հեպատիտ B-ով, 170 միլիոն մարդ վարակված է հեպատիտ C-ով, 1,4 միլիոն մարդ՝ հեպատիտ А-ով։
Վիրուսի շտամերի միջև կան էական տարբերություններ, այդ թվում՝ հիվանդության ծանրության, վիրուսի փոխանցման ուղու և կանխարգելման մեթոդների առումով։
Օրինակ, A և E –վիրուսներով առաջացած հեպատիտը փոխանցվում է աղեստամոքսային ճանապարհով ՝աղտոտված ջրի, սննդի և կեղտոտ ձեռքերի միջոցով:
Հեպատիտ B, C և D վիրուսների փոխանցումն իրականացվում է արյան միջոցով (թմրամիջոցներ ներարկվելիս, ոչ ստերիլ գործիքների օգտագործումը դաջվածքների, պիրսինգի, կոսմետիկ, մատնահարդարման, պեդիկյուրի և այլ պրոցեդուրաներ կատարելիս, որոնք կապված են մարմնի մաշկի և լորձաթաղանթների ամբողջականության խախտման հետ), վարակված մորից երեխային ծննդաբերության ժամանակ՝ այսպես կոչված ուղղահայաց ճանապարհով ինչպես նաև անպաշտպան սեռական շփման միջոցով: Հեպատիտ B, C և D վիրուսներով վարակվելու ամենամեծ ռիսկը կապված է թմրամիջոցների ներարկային օգտագործման հետ: Արյան արտադրանքի փոխներարկման ժամանակ դեռևս կա վարակվելու վտանգ, եթե խախտվել են դրանց պատրաստման և օգտագործման պայմանները։
. Ե՞րբ հասկանալ, որ վարակվել ենք հեպատիտով, եթե հիվանդությունն ընթանում է անախտանիշ:
Անախտանիշ վիրուսային հեպատիտները հայտնաբերվում են արյան լաբորատոր հետազոտությունների ժամանակ՝ այս կամ այն վիրուսի սպեցիֆիկ մարկերները հայտնաբերելիս։ Այդ են վկայում նաև մեր կլինիկայում՝ Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարի հրամանի, վիրահատական միջամտություններց առաջ իրականացված հետազոտությունները, որոնց արդյունքում առաջնակի հայտնաբերված վիուսակիրների թիվը կազմում է մոտ 2, 5 % հեպատիտ C–ի և 1, 5 % հեպատիտ B–ի պարագայում։ Սակայն վերջնական ախտորոշումը հաստատվում է վարակաբանի կողմից՝ հենվելով մի շարք կլինիկական չափանիշների վրա, քանի որ, օրինակ հեպատիտ Ց վիրուսային վարակը կարող է ինքնաբուժման ենթարկվել պացիենտների 15-25%–ի մոտ, որի ժամանակ հիվանդը դեղորայքային բուժման կարիք չի ունենում:
. Ի՞նչ համաճարակային միջոցառումներ են իրականացվում Հեպատիտ B-ի, C-ի ներհիվանդանոցային վարակի կանխարգելման նպատակով:
ԲԿ–ում իրականացվում է ստացիոնար բուժման դիմող անձանց և բուժաշխատողների լաբորատոր հետազոտություններ վիրուսային հեպատիտ B-ի և C-ի նկատմամբ, յուրաքանչյուր դեպք հայտնաբերելիս՝ կատարվում է համաճարակաբանական հետազոտություն, կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ, ապահովվում՝ հակահամաճարակային ռեժիմը համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջների, մշտապես կատարվում է լաբորատոր ախտորոշման մեթոդների կատարելագործում, ինչպես նաև բուժաշխատողների գիտելիքների շարունակական կրթում և իրազեկում:
Ինչպե՞ս խուսափել հեպատիտով վարակվելուց: Արդյո՞ք կա հեպատիտի վերջնական բուժում:
Հարկ եմ համարում նշել, որ վիրուսային հեպատիտներն այսօր համարվում են կանխարգելելի, ինչպես նաև կառավարելի և բուժելի:
Մասնավորապես ՝ վիրուսային հեպատիտներից պաշտպանվելու միջոցներից են՝
. Անվտանգ բժշկական միջամտությունների իրականացումը
. Պաշտպանված սեռական հարաբերությունները
. Պատվաստումը հեպատիտ B-ի դեմ
Հեպատիտ C-ն այսօր դատավճիռ չէ և ենթակա է լիարժեք բուժման։