Yerevan MSC
ՄԵՐ ՄԵԾԵՐԸ

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ

Հայ ականավոր վիրաբույժ, աշխարհահռչակ գիտնական, բժշկական գիտությանների դոկտոր, պրոֆեսոր Վիգեն Արամայիսի Մալխասյանը ծնվել է 1921թ․ Երևան քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ։
Հայրենական պատերազմը սկսելուն պես անցել է արագացված դասընթաց: Նորավարտ բժիշկը գործուղվել է Վարդենիս, որտեղ աշխատել է մինչև 1944թ:

Լինելով Վարդենիսի էվակոհոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ՝ կատարել է բազմաթիվ վիրահատություններ։ Այնուհետև, մինչև պատերազմի ավարտը, նա աշխատել է Երևանի էվակուացիոն հոսպիտալում։
. Հետագայում Վ․Մալխասյանը աշխատանքի է անցել անվանի վիրաբույժ՝ պրոֆեսոր Շարիմանյանի մոտ՝ հանրապետական կլինիկական հիվանդանոցի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում, որպես վիրաբույժ, որտեղ էլ 1951թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։
. 1952թ.Վ.Մալխասյանը նշանակվել է բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի ասիստենտ։ Նա սկսել է զբաղվել ստամոքսի խոցային հիվանդության վիրահատման հարցերով:Ամփոփելով իր ուսումնասիրությունների արդյունքները 1959թ. պաշտպանել է «Ստամոքսի մասնահատումից հետո բերանակցման որոշ հարցեր» թեմայով դոկտորական ատենախոսությունը: Նա առաջարկել է ստամոքսի մասնահատման մոդիֆիկացիա՝ ստամոքսի մասնահատում ստորին բերանակցումով, որը վիրաբույժներին հայտնի է որպես ստամոքսի մասնահատում ըստ Մալխասյանի։
. 8-րդ բուժմիավորման (ներկայիս Քանաքեռ-Զեյթուն ԲԿ) բազայի վրա 1960 թվականից մինչև 1991թ. գիտնականը ղեկավարել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի վիրաբուժության ամբիոնը։ Վիրաբուժության դարբնոց հանդիսացող կլինիկայում վիրաբուժություն են ուսանել ոչ միայն Հայաստանի, այլ նաև խորհրդային միության հարյուրավոր վիրաբույժներ։ Նշանավոր վիրաբույժի փայլուն մտքի, ինտուիցիայի, գաղափարների և վիրահատությունների անզուգական կատարման համար ժամանակակիցները նրան անվանել են Աստծուց օժտված վիրաբույժ։
Վ Մալխասյանի գիտական գործունեությունը ընդգրկում է աղե-ստամոքսային համակարգի, լեղուղիների վիրաբուժության հարցերը։
Նրա կողմից մշակվել և գործնականում ներդրվել է նաև կերակրափողի մասնահատման մեթոդը:Նա առաջինն է Հայաստանում կատարել էզոֆագոպլաստիկա և խուսափելով բազմափուլ վիրահատությունից՝ այն ավարտել երկու փուլով, ֆիզիոլոգիական տեսակետից ստանալով բավարար արդյունք:
Խորհրդային միությունում ախտորոշիչ և թերապևտիկ նպատակներով Վ. Մալխասյանն է սկսել կիրառել կրծքային լիմֆատիկ ծորանի դրենավորումը: Նա զբաղվել է նաև էլեկտրանարկոգի, վնասվածքաբանության և վիրաբուժության պատմության հարցերի ուսումնասիրմամբ:
Պրոֆեսոր Մալխասյանը հեղինակ է հարյուրից ավելի գիտական աշխատանքների՝ այդ թվում’ «Ստամոքսի տիպային վիրահատության տեխնիկան» (1963), «Դուոդենալ ծայրատ» (1968), «Կրծքավանդակի ավշային ծորանի դրենավորում վիրաբուժական կլինիկայում» (1979) մենագրությունների:Մասնագիտական շրջանակներում լայն տարածում է ստացել և բարձր գնահատականի արժանացել պրոֆեսոր Մալխասյանի «Վիրաբույժի անձի առանձնահատկությունները դեոնթոլոգիական տեսանկյունից» աշխատությունը։
101-րդ տարելիցի կապակցությամբ Քանաքեռ-Զեյթուն Բժշկական Կենտրոնի ներկայիս վաչակազմի կողմից որոշում է կայացվել վիրաբուժության բաժանմունքը անվանակոչել մեծանուն վիրաբույժ Վիգեն Արամայիսի Մալխասյանի անունով։