Ներկայացնում են մեր բժիշկները։ Արփինե Ռոբերտի Սիմոնյան
Որոշեցի անդրադառնալ մի թեմայի, որը վերջերս բավականին հաճախ է քննարկումների և տարակարծությունների տեղիք տալիս, խոսքը «դիսբակտերիոզ» ախտորոշման մասին է:
Այն թերևս գոյություն ունեցող առողջական խնդիր է, սակայն ախտաբանության մասին պատկերացումներն են փոփոխված/վերանայված ինչպես անվանման, այնպես էլ բնորոշման, ախտորոշման և բուժման տեսանկյունից:
Եվ այսպես ի՞նչ է դիսբակտերիոզը կամ դիսբիոզը:
Դիսբակտերիոզը միկրոֆլորայի դիսբալանսն է, ընդ որում տարբեր օրգանների (բերանի խոռոչ, մաշկ, հեշտոց, աղիներ):
Աղիքային դիսբակտերիոզը (հաճախ խոսքը հաստ աղու մասին է) առօրյա պրակտիկայում հնարավոր չէ ախտորոշել, դիսբակտերիոզի հայտնաբերմանն ուղղված բոլոր հետազոտությունները ոչ այլ ինչ են, քան կղանքի տվյալ նմուշի բակտերիաների, սնկերի բաղադրությունը, առանց որևէ ապացուցված նորմատիվների և միկրոբիոտայի ամբողջական կազմի վերաբերյալ ինֆորմացիայի:
Իսկ իրական աղիքային միկրոֆլորան շատ բազմազան է՝ հարպատային, ներլուսանցքային (օրինակ՝ հարպատային միկրոֆլորան ընդհանրապես հնարավոր չէ գնահատել):
Ապացուցված է, որ աղիներում կան միլիոնավոր միկրոօրգանիզմներ(բակտերիաներ,սնկեր), այնինչ դիսբակտերիոզի անալիզի պատասխանում մենք տեսնում ենք առավելագույնը 20 բակտերիաների անուններ (լակտո,բիֆիդո): Հետևաբար այս հետազոտությունները բոլորովին ինֆորմատիվ չեն: Այսպիսով կարելի եզրահանգել, որ դիսբիոզ հասկացությունը գոյություն ունի, միկրոֆլորան կարող է խախտվել ցանկացած օրգանում, սակայն ոչ միշտ է հնարավոր այն ախտորոշել և հետևաբար՝ բուժել:
Այնուամենայնիվ, ժամանակակից գաստրոէնտերոլոգիայում գոյություն ունի աղիքային միկրոֆլորայի խախտման այլ բնորոշում այն է՝ բարակ աղիքային բակտերիալ գերաճը (SIBO):
. Ի՞նչ է SIBO-ն:
Առաջանում է այն դեպքերում, երբ բարակ աղիներում բակտերիաների քանակն ավելանում է։
Որո՞նք են SIBO-ի պատճառները՝
- ստամոքս-աղիքային տրակտի ֆունկցիոնալ և մոտորիկայի խանգարումներ
- թթվամարիչների երկարատև կիրառում
- անատոմիական առանձնահատկություններ՝ ներառյալ հետվիրահատական
- դեղորայքի ընդունում, հաճախ՝ հակաբիոտիկներ
- ալկոհոլի չարաշահում և այլն:
. Ի՞նչպես է դրսևորվում:
-արտահայտված վքնածություն
- աղիների անկանոն աշխատանք(հաճախ փորլուծություն)
- ցավեր որովայնի շրջանում
. Ի՞նչպես ախտորոշել:
Ըստ Գաստրոէնտերոլոգների ամերիկյան կոլեգիայի/ACG ախտորոշման ոսկե ստանդարտ է հանդիսանում բարակ աղուց վերցված ասպիրատի բակտերիոլոգիական հետազոտությունը, սակայն այն նախատեսված չէ ռուտին կիրառման համար,կիրառելի է նաև ջրածնային շնչառական տեստը, ինչպես նաև կլինիկորեն ևս կարելի է ախտորոշել:
Եվ իհարկե բուժվում է ոչ թե ցածր ապացուցողականություն ունեցող պրո կամ պրեբիոտիկներով այլ հակաբիոտիկներով (աղիներում ներծծվող) և առողջ բալանսավորված, բջջանքով հարուստ սննդակարգով:
